ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Դրամական փոխանցումներ դեպի Հայաստան» կայքի մասին

Կայքի ստեղծման նպատակը միգրանտներին և սփյուռքի ներկայացուցիչներին արտերկրից Հայաստան տարբեր բանկերի և դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերի (այսուհետ՝ ՓԻՀ) միջոցով փոխանցումների կատարման ծախսերի վերաբերյալ իրազեկումն է: Կայքի տվյալների բազայում արտացոլվում են տարբեր բանկեր և փոխանցման համակարգեր, սակայն դա ամենևին ուղղված չէ դրանցից որևէ մեկի գովազդմանը:

Հայաստանը պատմականորեն կայացած և մեծ սփյուռք ունի: Բացի այդ, արտերկրում ներկայումս հանգրվանել են Հայաստանից մեկնած միգրանտների զգալի զանգվածներ: Միգրանտների և սփյուռքի դրամական փոխանցումների հոսքը Հայաստան մեծ ծավալների է հասնում: ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով կատարված դրամական փոխանցումների տարեկան միջին ծավալը հասնում է 2 մլրդ ԱՄՆ դոլարի (ՀՆԱ-ի շուրջ 20%-ը):

Դրամական փոխանցումներ դեպի Հայաստան կայքը թույլ է տալիս համեմատել մի շարք երկրներից դեպի Հայաստան տարբեր ՓԻՀ-երի միջոցով փոխանցումների կատարման ծախսերը:

Հայաստանի դեպքում ընտրվել է ութ ուղարկող երկիր (Ռուսաստան, ԱՄՆ, Ղազախստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Իսպանիա)` առաջնորդվելով դեպի Հայաստան ֆիզիկական անձանց անունով իրականացված դրամական փոխանցումների ծավալների սկզբունքից, որոնք անուղղակիորեն ցույց են տալիս նաև հայաստանյան միգրանտների քանակությունը այդ երկրներում:

Կայքի տվյալների բազայում զետեղվում են այն ՓԻՀ-երը, որոնք տվյալ երկրից դեպի Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ընդհանուր շուկայում նշանակալի կշիռ ունեն:

Տվյալներն առնչվում են ընտրված երկրներից հարաբերականորեն փոքր դրամական միավորների՝ մասնավորապես 200$ և 500$ փոխանցման ծախսերին:

Դրամական փոխանցումներ դեպի Հայաստան կայքի տվյալների բազան պարունակում է նաև օգտակար տեղեկատվություն փոխանցման մեթոդների մասին, որոնք կարող են օգտագործվել արտերկրից գումար ուղարկելիս, ինչպես, օրինակ՝ ինչպիսի եղանակով կարելի է իրականացնել փոխանցումը, որքան ժամանակում գումարը տեղ կհասնի,  գումարի ստացման հասանելի քաղաքները, փոխանցման համար կիրառվող փոխարժեքը և այլն: Անկասկած, այս տեղեկատվությունը կօգնի համեմատել ծառայությունները, գները, փոխանցման արագությունը և ընտրել այն ՓԻՀ-ը, որը համապատասխանում է անհատական կարիքներին:

Շատ դեպքերում դրամական փոխանցումների ծախսերը շոշափելի են սեզոնային աշխատանքային միգրանտների համար, եթե հաշվի առնենք նրանց և հայրենիքում մնացած ընտանիքի անդամների ցածր եկամուտը: Այս տեսանկյունից ծախսերի ցանկացած կրճատում կբերի նրանց գումարների ավելի մեծ տնտեսում, որի արդյունքում հայրենիքում գումար ստացողներն ավելի մեծ հնարավորություն կունենան սպառման, խնայողության և չի բացառվում նաև տեղական տնտեսության մեջ ներդրման:

Դրամական փոխանցումների ծախսերի կրճատման խնդիրը զուտ հայկական չէ, այնպես որ տարբեր պետությունների նույնպես մտահոգում է այդ խնդիրը: Ավելին, գլոբալ մակարդակով քննարկվել է դրամական փոխանցումների ծառայության արժեքի` 5 տարվա մեջ 5%-ով իջեցման նպատակի հարցը, որը  հավանության է արժանացել  աշխարհի ութնյակի խմբի կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Գլոբալ մակարդակով` դրամական փոխանցումների արժեքը կազմում է ուղարկված գումարի միջինը 8,58%-ը: «Նպատակ 5×5»-ը կհանգեցնի դրամական փոխանցումների գների նվազման, որոնց արդյունքում միգրանտները կարող են տարվա մեջ խնայել 16 մլրդ ԱՄՆ դոլար:

Հայաստանի պարագայում, դեպի երկիր դրամական փոխանցումների ծառայության արժեքի` 5 տարվա մեջ 5%-ով իջեցումը կբերի հայաստանյան ծագում ունեցող միգրանտների կողմից տարեկան  20 մլն ԱՄՆ դոլարի խնայողության:

Ի վերջո, թափանցիկության միջոցով կաշխուժանա նաև մրցակցությունը բանկերի շրջանում դրամական փոխանցումների հետ կապված ծախսերի նվազեցման և առավել արդյունավետ ծառայությունների մատուցման հարցում:

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կայքը ստեղծվել է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ԵՄ ծրագրի շրջանակներում:

Կայքի ընթացիկ շահագործումն ապահովում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի փորձագիտական խումբը:

Փորձագիտական խումբն առաջնորդվում է կայքի ստեղծման հայեցակարգով, որը մշակվել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի կողմից`ելնելով Համաշխարհային բանկի կողմից միգրանտների համար ստեղծված համընդհանուր կայքի (http://remittanceprices.worldbank.org) ստանդարտներից:

Կայքի ստեղծմանը նպաստել են մի շարք պետական և ոչ պետական կառույցներ` մասնավորապես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունը և ՀՀ կենտրոնական բանկը: