Արտերկրում գտնվող հայաստանյան բազմահազար միգրանտները, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչները պարբերաբար իրականացնում են դեպի Հայաստան դրամական փոխանցումներ: Դրա հետ մեկտեղ, դրամական փոխանցումների շուկայում ընդհանուր ծախսերի հաշվարկը միշտ չէ, որ հասկանալի է նրանց, քանի որ դրանք ձևավորվում են տարբեր փոփոխականներից:
Արտերկրից Հայաստան ֆինանսական փոխանցում կատարողները, ինչ խոսք, փնտրում են դրամական փոխանցման հնարավորինս էժան և արագ տարբերակ:
Այսպիսի պայմաններում կարևորվում է միգրանտների կողմից տարբեր բանկերի և դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերի (այսուհետ՝ ՓԻՀ) ավելի տեղեկացված ընտրությունը:
www.sendmoneyarmenia.am կայքը հնարավորություն է տալիս ընտրելով երկիրը (միջանցքը), որտեղից կատարվել են դրամական փոխանցումները` համեմատել տարբեր ՓԻՀ-երի ծախսեր, փոխանցումների արագությունը և այլ պարամետրեր, ինչը փոխանցում կատարող անձին թույլ կտա ընտրելու իրեն հարմար տարբերակը:
Տվյալների հավաքագրում
Ստորև ներկայացվում է մանրամասն տեղեկատվություն տվյալների բազայի ձևավորման համար օգտագործվող մեթոդաբանության մասին:
Դրամական միավորի չափ: Համաշխարհային բանկի ուղենիշներից ելնելով (նվազագույնը 2 միավոր)` ընտրվել են 200 և 500 ԱՄՆ դոլարի կամ ուղարկող երկրի` դրան համարժեք տարադրամի մեծությունները` ելնելով այն հանգամանքից, որ միջազգային պրակտիկայում դրանք միգրանտների կողմից ամենից հաճախ փոխանցվող դրամական մեծություններն են:
Ընկերություն (Firm): Տվյալների բազայի տվյալ սյունակում նշվում են ՓԻՀ-եր, որոնք տվյալ երկրից դեպի Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ընդհանուր շուկայում նշանակալի կշիռ ունեն: Շատ դեպքերում ՓԻՀ-երը կարող են լինել նույնական:
Ապրանք (Product): Տվյալների բազայում ներառվել են փոխանցման տարբեր մեթոդներ, որոնք ազդում են ծախսերի վրա: Մեկից ավելի մեթոդների դեպքում դրանք տվյալների բազայում արտահայտվել են առանձին տողով, եթե դրանց արագությունը տարբեր է: Ապրանքները պատկերված են համապատասխան նշանների (իկոնաների) տեսքով: Տվյալների աղյուսակային բազայի ներքևում կարելի է գտնել այդ նշանների բացատրությունները:
Կոմիսիոն վճար (Fee): Սա ծախսերի ամենից ակնառու բաղադրիչն է և կարող է նշանակալիորեն տարբերվել ՓԻՀ-երի շրջանում: Որպես կանոն, այս բաղադրիչն իրենից ներկայացնում է ուղարկողից գումարը փոխանցելու պահին կատարվող գանձումը: Գանձման չափը կախված է փոխանցվող գումարի չափից, որոշակի սահմանների շրջանում:
Փոխարժեքով պայմանավորված վճար (Exchange rate margin (%): Այն իրենից ներկայացնում է միջբանկային սահմանված փոխարժեքը: ՓԻՀ-երը, բացի փոխանցվող գումարների համար գանձվող վճարներից, շահույթ են ստանում նաև փոխարժեքների տարբերություններից: Կայքում ընդգրկված երկրներից թեև Հայաստան գումարը փոխանցվում է ազգային արժույթով կամ դոլարով, Հայաստանում գումարը ստացվում է նույն արժույթով, ինչով որ ուղարկվել է, հետևաբար հաշվարկի մեծությունը հավասար է 0-ի:
Ընդհանուր ծախսերը՝ տոկոսով (Total cost percent (%): Այն ցույց է տալիս, թե ընդհանուր ծախսը փոխանցվող գումարի չափի քանի տոկոսն է կազմում:
Ընդհանուր ծախս (Total cost): Այս բաղադրիչը ցույց է տալիս ընդհանուր ծախսի չափը:
Փոխանցման արագություն (Transfer Speed): Համապատասխան նշաններով ցույց է տրվում պահանջվող ժամանակը, որը թույլ է տալիս փոխանցումը հասանելի դարձնել ստացողին: Այս տեղեկատվությունը նույնպես կարևոր է, քանի որ գործարքի արագությունը ազդեցություն ունի ծախսերի վրա: Փոխանցման արագությունը նշվում է յուրաքանչյուր ապրանքի (product)-ի համար: Փոխանցման արագությունը ստանդարտիզացվել են 6 կատեգորիաներով՝ 1 ժամից պակաս, նույն օրը, հաջորդ օրը, 2 օրից, 3-5 օրում, 6 օրից ոչ պակաս:
Ցանցի ծածկույթ (Network coverage): Այս օժանդակ բաղադրիչը լրացնում է ծախսերի ընդհանուր պատկերը և յուրաքանչյուր ՓԻՀ-ի կողմից առաջարկվող ծառայության հարմարությունը: Ստացող երկրում գումարի ստացման հասանելի ծածկույթը ստանդարտիզացվել է 5 կատեգորիաներով (մայրաքաղաք, խոշոր քաղաքներ, երկրի ողջ տարածք, միայն գյուղեր, միայն քաղաքներ):
Տվյալների բազան ծրագրավորել է այնպես, որ հնարավոր է շարքերը դասավորել աճողական կամ նվազողական կարգով:
Նախազգուշացում
Կայքը պատասխանատվություն չի կրում ներկայացված տվյալների ճշտության համար։
Ծախսերի մասին տվյալները, որոնք ներկայացվում են տվյալների բազայում, նախատեսված են, որպեսզի դրամական փոխանցումների ծախսերի վերաբերյալ տրվի ընդհանուր պատկերացում ժամանակի որոշակի պահի և ամսաթվի: Փաստացի ծախսերը կարող են տարբերվել: Նմանատիպ կայքերի համար Համաշխարհային բանկի ստանդարտներով ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի պահանջվում ներկայացված տվյալների ճշգրտություն և ամբողջականություն: Ծախսերի վերաբերյալ փաստացի տեղեկությունները կարելի է անմիջականորեն ստանալ ծառայություն մատուցողներից: